2000 թվականին 761 բնակարան, 12 դպրոց
28.11.2006. ԱՊՀ երկրների ղեկավարները Մինսկում կքննարկեն շուրջ 30 հարց
07 Դեկ 2011  
07.12.2011  |  20:17   |   Թերթեր և ամսագրեր

Վերականգնում, որ շտկեց երկրի մեջքը

Օրաթերթ "Հայոց Աշխարհ" - Ռոբերտ Քոչարյանի համար աղետի գոտու վերականգնումը պատվի հարց էր
   
Այսօր Սպիտակի աղետալի երկրաշարժի 22-րդ տարելիցն է։ Եվ այսօր ամբողջ Հայաստանը գլուխ է խոնարհում այդ ահավոր փորձությանը զոհ դարձած իր զավակների հիշատակի առաջ։ 
   
Պատկերացնելու համար, թե ինչ ահռելի ողբերգություն պատուհասեց մեր հայրենիքին՝ 1988-ի դեկտեմբերի 7-ի ժամը 11։41-ին, պետք է հիշեցնել տասնյակ հազարավոր զոհվածների, անթիվ վիրավորների ու հարյուր հազարավոր տնազրկվածների մասին։ 
   
Արհավիրքն ընդգրկեց երկրի տարածքի ավելի քան 40%-ը՝ Շիրակի, Լոռու, Արագածոտնի եւ Տավուշի մարզերը։ Ամբողջովին ավերվեցին Սպիտակն ու մերձակա գյուղերի մեծ մասը, էապես տուժեց Գյումրին, որտեղ ավերվեց բնակելի, ծառայողական եւ արտադրական շենքերի 80%-ը, շարքից դուրս եկան խոշոր ձեռնարկությունները: Նկատելի վնասներ կրեց Վանաձորը... 
   
Անցել է 22 տարի։ Այնուհանդերձ քանի դեռ աղետից տուժած վերջին ընտանիքը բնակարանամուտ չի նշել, չենք կարող ասել, թե վերջնականապես հաղթահարել ենք Սպիտակի երկրաշարժի եթե ոչ նյութական, ապա առնվազն բնակարանային վերականգնման վնասները։ Բայց, այդ օրը մոտ է։
   
Իսկ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Գյումրիում ու նաեւ գյուղերում վերջին երկու տարիներին ինտենսիվորեն շարունակվող բնակարանաշինական ընդգրկուն ծրագրերը էլ ավելի են մոտեցնում այդ օրը։ Հատկապես նման ծրագրերի իրականացման տեսանկյունից, իսկապես, վերջին 10-12 տարիներն առանձնանում են ոչ միայն վերականգնման աշխատանքների ընդգրկմամբ ու ծավալով (ինչը, իհարկե, նույնպես կարեւոր է), այլեւ աղետի գոտու խնդիրների նկատմամբ պետության ընդգծված համակողմանի ուշադրությամբ։
   
Հարցն այն չէ միայն, որ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք պետությունն սկսեց բյուջեից ավելի ու ավելի շատ միջոցներ հատկացնել աղետի գոտում բնակարանային կամ սոցիալական նշանակության շինարարական աշխատանքների, ենթակառուցվածքների վերականգնման համար։ Առանցքային խնդիրն այն է, որ փոխվեց պետության վերաբերմունքը աղետի գոտու խնդիրներին, կամ ավելի ճիշտ է ասել՝ ձեւավորվեց պետական հստակ քաղաքականություն, թե ի՞նչ է պետք անել, ինչպե՞ս եւ ինչո՞ւ։ 
   
Իսկ ինչպե՞ս սկսվեց այդ ամենը, որ թույլ տվեց երկրի 1/3-ն ընդգրկող աղետի գոտին իրավամբ վերածել վերականգնման գոտու։ "Հայոց Աշխարհ" եւ "Գոլոս Արմենիի" թերթերին տված հարցազրույցում երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ այդ առնչությամբ մասնավորապես նշում է. 
  
"1997 թվականին որպես վարչապետ իմ առաջին այցը տարածաշրջան ուղեւորությունն էր Գյումրի։ Տպավորությունը չափազանց ճնշող էր։ Անելանելիություն, աղքատություն, ավերակներ, թերահավատություն, որ իրենց խնդիրներն ընդհանրապես որեւէ մեկին հետաքրքրում են։ Դրա հետ մեկտեղ ջերմ վերաբերմունք զգացի իմ նկատմամբ եւ թեթեւակի հույս, որ ինչ-որ բան կփոխվի։ Հավանաբար Ղարաբաղում անցած իմ ճանապարհը որոշակի լավատեսություն էր ներշնչում մարդկանց։ 

Հասկանում էի, որ իրավունք չունեմ հուսախաբ անել նրանց։ Աղետի գոտու վերականգնումը իմ եւ կառավարության համար դարձավ պատվի հարցը։ Քանզի երկիրը չի կարող երջանիկ լինել, եթե նրա տարածաշրջաններից մեկը աղետալի վիճակում է։ Ինչպես որ ընտանիքում չի կարող երջանկություն լինել, եթե անդամներից մեկը տառապում է։
   
Սկսեցինք աղետի գոտու վերականգնման նկատմամբ մոտեցումների փոփոխումից։ Շեշտադրեցինք Գյումրիի, Սպիտակի եւ Վանաձորի կենտրոնի շինարարությունը։ Պետք էր վերադարձնել քաղաքներին իրենց դեմքը։ Պետք էր վերականգնել Գյումրին ու Սպիտակը հենց որպես քաղաքներ, այլ ոչ թե պարզապես ինչ-որ տանիք տալ մարդկանց։ 
   
Կտրուկ ավելացրինք կանգուն մնացած, բայց վթարային շենքերի ամրացման ծավալները։ Զուգահեռաբար մտցրինք սերտիֆիկատների ծրագիրը, որպեսզի չգցենք բնակարանների առանց այդ էլ ցածր գները։ Միանգամից հրաժարվեցինք "կիսաֆաբրիկատ տներից", երբ հանձնում էին կասկածելի որակի բնակարաններ՝ առանց դռների, սանտեխնիկայի եւ այլն։ Մարդիկ տարիներ շարունակ չէին բնակվում այդտեղ։ Նրանք պարզապես փող չունեին այդ ամենը գնելու համար"։
   
Պետք է նկատել, որ հիմա էլ պահպանվում է նույն մոտեցումը, այսինքն՝ մարդկանց ավարտուն բնակարան, այլ ոչ թե "ծածկ" կամ "չորս պատ" հատկացնելը։ Դրա վկայությունն են նաեւ ներկայիս կառուցապատողներին ներկայացվող պահանջները՝ բնակարաններում նաեւ ջեռուցման համակարգեր տեղադրելու, շենքերի շրջակայքը բարեկարգելու եւ կանաչապատելու վերաբերյալ։ 
   
Մյուս կողմից՝ հենց 1998-99 թվականներին պետության ղեկավարությունը, ի դեմս նախագահ Ռոբերտ Քոչարյանի, որդեգրեց ուշագրավ մոտեցում, որը հետագայում ապացուցեց իր արդյունավետությունը։ Այդ մոտեցման առանցքային գաղափարն այն է, որ ոչ մի բարեգործ կամ բարեսիրական կազմակերպություն, ոչ մի օտար կազմակերպություն մեզ աջակից չի լինի, եթե ինքներս առաջինը լուրջ հատկացումներ չանենք մեր հիմնական խնդիրներից մեկը լուծելու համար։ Ու հենց այդ տարիներին եւ հաջորդող 2001-2007 թվականներին էր, որ աղետի գոտում շինարարության համար պետական բյուջեից կատարվող հատկացումները նախ՝ էապես մեծացան, ապա՝ տարեցտարի ավելացան։
   
Համեմատության համար, օրինակ, կարելի է նշել, որ եթե 1996-ին պետական բյուջեի ֆինանսավորմամբ աղետի գոտում իրականացվել է 744 միլիոն դրամի շինմոնտաժային աշխատանք, ապա 1999-ին այդ ցուցանիշը հասել էր արդեն 4 միլիարդ դրամի, իսկ 2006-ին՝ 10 միլիարդ դրամի։ Նկատենք, որ 2007-ին պետական բյուջեից աղետի գոտում ֆինանսավորվել է շուրջ 12,2 միլիարդ դրամի շինմոնտաժային աշխատանք։ 
   
Միաժամանակ պետության զգալի մասնակցությունը յուրօրինակ խթանիչի դեր կատարեց. չուշացավ մարդասիրական կազմակերպությունների, բարեգործների՝ Քըրք Քըրքորյանի, Հանթսմանի արձագանքը, ի լրումն, կայունացավ "Հայաստան" հիմնադրամի մասնակցությունը աղետի գոտու վերականգնման ծրագրերին։ 
   
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ անմիջական մասնակցություն է ունեցել վերականգնման ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, նկատում է.
   
"Առանձնահատուկ կնշեի բնակարանը կորցրած ընտանիքների հաշվառման կարգավորումը։ Այդտեղ տիրում էր ինչ-որ մեկին ակնհայտորեն ձեռնտու, պարզապես քրեական խառնաշփոթ։ Ավելացրինք շինարարությանը հատկացվող բյուջետային ծախսերը, աղետի գոտի ուղղորդեցինք "Հայաստան" հիմնադրամի ներուժը, համոզեցինք USAID-ին սկսել սերտիֆիկատների ծրագիրը (բնակարանների գնման՝ 2001-2004թթ. ընթացքում այս ծրագրով 5914 ընտանիք բնակարան գնեց-Տ.Մ.), Լինսի հիմնադրամը հանձն առավ աշխատանքների տպավորիչ ծավալ։ Հանթսմանը սկսեց մի ամբողջ թաղամասի շինարարություն։ Գործին միացան այլ հիմնադրամներ։ Ծավալներն ավելացնում էինք տարեցտարի, եւ արդյունքն իհարկե ակներեւ էր"։
   
Հավելենք, որ միայն 1998-2008 թվականներին աղետի գոտում շահագործման հանձնվեց ավելի քան 768 հազար քառակուսի մետր բնակելի մակերես։ Պատկերն ավելի ամբողջական կլինի, եթե նշենք նաեւ, որ ֆինանսավորման բոլոր աղբյուրներից ներգրավված միջոցների շնորհիվ դիտարկվող տասնամյակում աղետի գոտում իրենց բնակարանային պայմանները բարելավեցին ավելի քան 20 հազար ընտանիք։ 
   
Ի դեպ, հատկանշական է, որ այդ նույն ժամանակահատվածում, երկրի ընդհանուր տնտեսական վերելքի պայմաններում, շուրջ 4,5 անգամ աճեց "բնակչության միջոցների հաշվին" իրականացվող շինարարության ծավալը երկրում, ու նաեւ՝ աղետի գոտում։ 
   
Բայց հարցը միայն բնակարաններ կառուցելը եւ մարդկանց տեղավորելը չէր, իսկապես։ Վերականգնման հատուկ շեշտը, օրինակ, Գյումրիում եւ Սպիտակում իրականացվող ծրագրերի դեպքում, քաղաքի նկարագիրն ու բնութագրական մշակութային, կրոնական օջախները պահպանելը կամ զրոյից վերականգնելն էր։ Այդ մոտեցման արտացոլումն է ներկայիս Սպիտակի կենտրոնը, որ ամբողջական ու գեղեցիկ է ներկայանում՝ մշակույթի պալատի ու եկեղեցու հրաշալի կառույցներով։ Նույն մոտեցման արտահայտությունն է Վանաձորի մշակույթի պալատի կիսաքանդ շենքի (նախկինում քիմգործարանի մշակույթի տան) վերականգնումը՝ իր նախկին տեսքով, նույնիսկ ավելի շքեղ։ Նույն մոտեցումն էր, որ, մի շարք "անձնագրային" շենքերի շարքում, գյումրեցիներին վերադարձրեց սիրելի "Հոկտեմբեր" կինոթատրոնը։ 
   
Բնակարանային շինարարությանը զուգահեռ, եւ դա պետք է առանձնահատուկ նշել, վերջին տասնամյակն առանձնացավ "տնակային դպրոց" կոչված երեւույթի վերացմամբ։ Կառուցվեցին նոր դպրոցներ՝ շքեղ ու լուսավոր։ Զուտ թվային արտահայտությամբ՝ 1998-2008 թվականներին կառուցվեցին տասնյակ դպրոցներ, ընդհանուր առմամբ՝ 30652 աշակերտական տեղով։ Կառուցվեցին նոր հիվանդանոցներ ու պոլիկլինիկաներ։ 
   
Երկար կարելի է խոսել այս մասին։ Կարելի է նաեւ այլ օրինակներ բերել։ Կարելի է վիճակագրական այլ տվյալներ էլ վկայակոչել, կարելի է նաեւ բանավիճել այս կամ այն հարցի շուրջ։ 
   
Բայց անհնար է չտեսնելու տալ ակնհայտը։ Ինչպես անհնար է նաեւ չնկատել, որ հենց պետության ղեկավարի պահանջկոտ ու նախանձախնդիր մոտեցման շնորհիվ հաջողվեց էական տեղաշարժ արձանագրել աղետի գոտում, եւ այն դուրս բերել անհուսության ձանձիրից։ Ավելին՝ շինարարական ակտիվությանը հաջորդեց տնտեսական աշխուժացումը։ Կոնկրետ Գյումրիում, օրինակ, որոշ աշխուժություն սկսեցին դրսեւորել գործարաններ, որոնք գրեթե մոռացվել էին, սկսած գարեջրի գործարանից, վերջացրած՝ գուլպայի ֆաբրիկայով ու քարմշակ հաստոցների արտադրությամբ։ Ու նաեւ նման հիմքեր ապահովելն էր, որ թույլ տվեց արդեն ավելի մեծ ընդգրկման մտահղացումներ իրագործել, ինչպես, օրինակ, այս տարի գործարկված շաքարի արտադրության ձեռնարկությունն է։ 
   
Ու նաեւ այդ համատեքստում դժվար է չհամաձայնել Ռոբերտ Քոչարյանի այս դիտարկմանը. "Մինչեւ 1997 թվականը ցանկացած ղեկավարի համար Գյումրի ուղեւորությունը սաստիկ ստրեսային իրադարձություն էր։ Մարդիկ պարզապես նրանց գլխին էին թափում իրենց դժգոհությունն ու չարացածությունը։ Ինձ համար աղետի գոտի կատարած ուղեւորությունները ամենահագեցածն ու հարմարավետն էին հուզական առումով։ Ուրախ եմ, որ ես՝ այն ժամանակ աշխատող թիմի հետ միասին, պատիվ ունեցա հաղթահարել այդ խնդիրը"։
   
Ըստ էության, խնդրի հաղթահարման բովանդակային արդյունքներից մեկն էլ այն եղավ, որ մի ամբողջ տասնամյակ, նաեւ դրանից հետո շարունակվող հետեւողական վերականգնումը թույլ տվեց որոշակիորեն շտկել երկրի մեջքը։ Եվ այդ շարունակական վերականգնման ընթացքն էր, որ իր հետ, բնականորեն ու աստիճանաբար, վերափոխեց մարդկանց մոտեցումներն ու ընկալումները, մղելով, որ ավելի մեծ պահանջներ ու նպատակներ դնեն ինչպես ղեկավարների, այնպես էլ իրենք իրենց առջեւ։ 
   
...Խավարն անիծողները մոմ վառողներին առանձնապես լավ չեն վերաբերվում, բայց մնացած բոլորը ճանապարհը գտնում են ոչ թե անեծքի ձայնով, այլ մոմի լույսով։

ՏԻԳՐԱՆ ՄԻՐԶՈՅԱՆ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: