Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը "Ազատություն" ռադիոկայանի
Ռոբերտ Քոչարյանը կապի մեջ է Բակո Սահակյանի հետ
07 Մար 2016  

Բելլա Քոչարյանը "Առավոտյան սուրճ" նախագծի հյուրն է

Yerevan.Today կայքի "Առավոտյան սուրճ" նախագծի հյուրն առաջին անգամ է, որ կին է: Գուցե անբնական է, որ հաղորդման ստեղծման պահից մինչ օրս գեղեցիկ սեռի ներկայացուցիչ դեռ չէր հյուրընկալվել մեզ, բայց նաև օրինաչափ է, որ հենց մոտեցող գարնանային առաջին տոնի՝ մարտի 8-ի առիթով ենք կին գործչի հետ հանդիպում: "Առավոտյան սուրճի" հյուրն այս անգամ տիկին Բելլա Քոչարյանն է: Իզաբելլա Հովհաննիսյանի ու Անուշ Թորոսյանի զրույցը նրա հետ թե անձամբ տիկին Քոչարյանի գործունեությանն ու նախասիրություններին, անցյալին ու ապագայի ծրագրերին է վերաբերում, և թե Քոչարյանների ընտանիքին՝ առհասարակ:



Ներկայացնում ենք Բելլա Քոչարյանի հետ հարցազրույցի տեքստը՝ որոշ կրճատումներով: Ամբողջական հարցազրույցը դիտեք տեսագրված տարբերակով:

Իզաբելլա Հովհաննիսյան Տիկին Քոչարյան, Դուք հազվադեպ եք հարցազրույց տալիս, կուզենայինք նախ և առաջ շնորհակալություն հայտնել հարցազրույցին համաձայնություն տալու համար, մեր խմբագրության անունից շնորհավորել Ձեզ Մարտի 8-ի առթիվ և ամենայն բարիք մաղթել:

Բելլա Քոչարյան Շնորհակալություն, ես ևս կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ հրավերի համար: Պետք է ասել, որ մի քանի հաղորդում նայել եմ «Առավոտյան սուրճ»-ի, կարծում եմ՝ մթնոլորտը շատ ջերմ է և տրամադրում է անկեղծ զրույցի: Ես Ձեզ էլ եմ շնորհավորում: Շուտով մարտի 8-ն է, այդ գեղեցիկ գարնանային տոնը, ուզում եմ՝ դուք բախտավոր լինեք, և թող իրականանան ձեր բոլոր ցանկությունները:

Անուշ Թորոսյան Մեզ հետաքրքրում է՝ ինչո՞վ է այսօր զբաղվում Բելլա Քոչարյանը: Ինչպիսի՞ն է Ձեր աշխատանքային առօրյան, և ինչպիսի՞ն է ժամանցը:

Բելլա Քոչարյան Տարիներ շարունակ ես երկու ֆոնդով եմ զբաղված, ներգրավված եմ նրանց աշխատանքներին: Առաջինը Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցման ֆոնդն է, որը գործում է 2000 թվականից և փորձում է օգնության ձեռք մեկնել այն երեխաներին և ընտանիքներին, որոնք ինչ-ինչ պատճառներով հայտնվել են փողոցում, խնամքից դուրս կամ կոնֆլիկտային վիճակում են իրենց ընտանիքների հետ: Կենտրոնի հետ աշխատում են մասնագետներ՝ բժիշկներ, հոգեբաններ, ուսուցիչներ, որոնք աշխատում են ընտանիքների հետ: Հիմնականում այդ ընտանիքների կազմում միայն մայրն է լինում, շատերի հայրերը թողել են հայրենիքը աշխատանքի համար, և խեղճ կանայք չգիտեն՝ ինչ անեն, ինչ կերպ աշխատեն, որ վաստակեն իրենց մի կտոր հացը, և հաճախ երեխաները հայտնվում են փողոցում: Ցավոք, Հայաստանում այդպիսի երեխաների և ընտանիքների թիվը մեծ է, և կենտրոնի ներքին ուժերով հնարավոր չէ այդ հարցերը կարգի բերել, գուցեև այդ պատճառով 2007 թվականին ստեղծվեց կենտրոնին կից Բարեկամների խորհուրդը, որի նախագահը ես եմ: Կենտրոնի շուրջը միավորվել են այնպիսի մարդիկ, որոնց համար յուրաքանչյուր երեխայի ճակատագիրը շատ կարևոր է: Մեզ նման փոքր ազգերի համար յուրաքանչյուրի կյանքը, առօրյան և ապագան շատ կարևոր են: Տարին մի քանի անգամ մենք հավաքվում ենք, քննարկում այս հարցերը, տնօրինությունը իր զեկույցն է ներկայացնում, մենք փորձում ենք ինչ-որ կերպ օգնել կենտրոնի աշխատանքներին:

Երկրորդ ֆոնդը «Ոսկրածուծի դոնորների համահայկական ռեեստր»-ն է, որը ստեղծվել է 1999 թվականին, ես ներկա էի բացմանը: Ռեեստրը նպատակ ունի օգնել այն հիվանդներին, ովքեր տառապում են լեյկեմիայով, արյան այլ հիվանդություններ ունեն, կենտրոնն ունի հրաշալի լաբորատորիա, որի նմանը չկա ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Այնպիսի հետազոտություններ են կատարվել լաբորատորիայում, որ Եվրոպական իմունոգենետիկ ասամբլեայի կողմից այն մտել է միջազգային ռեեստրի ցանկի մեջ: Օրեր առաջ, գուցե՝ մեկ ամիս առաջ, Ավստրալիայի ազգային ռեեստրը դիմել է հայկական ռեեստրին, որովհետև այնտեղ հայտնաբերեցին ազգությամբ հայ մի հիվանդի, իմանալով, որ հիվանդը հայ է, որ Հայաստանն ունի այդ ռեեստրը, դիմեցին ռեեստրին, և միանգամից գտնվեց դոնոր: Փետրվարի 9-ին լաբորատորիայում այդ հետազոտությունները կատարվեցին, հավաքվեցին ցողունային բջիջները, և ստանդարտ ձևով այդ ամենն ուղարկվեց Ավստրալիա: Մարտի 9-ին դարձյալ նախատեսվում է ցողունային բջիջներ հավաքել, այս անգամ հիվանդը գտնվում է Իսրայելում, դոնորը դարձյալ հայտնաբերվել է Հայաստանում: Նա սիրով կտրամադրի իր բջիջները: Այսպիսով՝ ռեեստրը շատ օգտակար է: Ես կարծում եմ՝ ժամանակակից աշխարհում բժշկությունը չի կարող զարգանալ առանց նման կառույցների, նման ռեեստրների: Գիտե՞ք՝ ինչն էր նաև պատճառը, որ ստեղծվեց նման ռեեստր: Հայերն ունեն յուրահատուկ գենետիկ կառուցվածք, հային հայը կարող է օգնել, առաջին հերթին՝ բարեկամները, հետո ավելի հեռու պետք է փնտրել: Այս առումով՝ կարծում եմ՝ պետք է հպարտանանք, որ մեր ազգն ունի նման ռեեստր: Դա համապատասխանում է ժամանակակից բժշկությանը: Արդեն մոտ 17 տարի է՝ ես ռեեստրի հետ եմ: Ընդհանրապես կարծում եմ՝ յուրաքանչյուր կայացած պրոյեկտ պետք է շարունակական լինի: Դա իմ կրեդոներից մեկն է:



Իզաբելլա Հովհաննիսյան Փաստորեն, կարելի է ենթադրել, որ շարունակում եք այն ծրագրերը, որոնք սկսել էիք իրականացնել որպես առաջին տիկին: Պատկերացնում եմ, թե որքան հետաքրքիր մարդկանց ու ինչպիսի հրաշալի երեխաների հետ եք շփվում:

Բելլա Քոչարյան Դուք իրավացի եք: Չեք պատկերացնում՝ ինչ վիճակում են այդ երեխաները գալիս՝ հուսահատված, լքված, փոքր երեխաներից՝ աղջիկներից շատերը՝ բռնաբարված, ինչ աշխատանք է տարվում իրենց հետ, նրանք վերականգնվում են, այնպիսի համերգներ են տալիս, այնպիսի բանաստեղծություններ են արտասանում, ինչ շնորհքով երեխաներ են: Կենտրոնը մի ֆիլմ է նկարահանել, որտեղ երեխաներն իրենք են խոսում, իրենք են պատմում՝ ինչպես եկան, ինչ վիճակով, մամայի մասին, ընտանիքի մասին, ինչ փոփոխություն ունեցան այդ կենտրոնում: Նույնիսկ ասում են՝ այ, որ մեծանամ, կդառնամ այս, կդառնամ այն, ուրեմն՝ նրանք տեսնում են իրենց ապագան:

Իզաբելլա Հովհաննիսյան Տիկին Քոչարյան, իսկ ամբողջությամբ կարողանու՞մ են վերականգնվել, ասում եք՝ շատ ծանր դեպքեր են լինում, և հետագայում, եթե կարիք է լինում, այդ երեխաների հետ աշխատանք տարվու՞մ է: Ի՞նչ վիճակագրություն կա:

Բելլա Քոչարյան Այո, ու գիտե՞ք՝ կենտրոնին կից այդ Բարեկամների խորհրդի անդամները երաժիշտներ են, հանրապետությունում հայտնի մարդիկ, մասնագետներ, և շատերը հրավիրում են իրենց երգելու, սովորելու, փորձում ենք երեխաներին տալ ինչ-որ մասնագիտություն, որովհետև հիմնականում նման կառույցներում երեխաները մնում են մինչև 18 տարեկան, ու երբ մտնում են մեծ աշխարհ, հաճախ անպաշտպան են լինում, և պետք է հոգալ իրենց ապագայի մասին:

Իզաբելլա Հովհաննիսյան Տիկին Քոչարյան, խոսեցինք Ձեր աշխատանքային գործունեության մասին, կուզեինք մի փոքր անդրադառնալ նաև ժամանցին: Ինչպե՞ս եք կազմակերպում Ձեր ժամանցը, գուցե ասեք՝ վերջում ի՞նչ հետաքրքիր գիրք եք կարդացել կամ ի՞նչ ֆիլմ եք դիտել:

Բելլա Քոչարյան Ազատ ժամանակը հիմնականում անցնում է ընտանիքիս, թոռնիկներիս հետ, բայց դրա հետ միասին փորձում եմ ընթերցել, լավ ֆիլմեր դիտել: Վերջին գիրքը Գրեգորի Ռոբերթսի գիրքն է, հրաշալի գիրք է, վերջին ֆիլմը, որ դիտել եմ, և որ շատ տպավորել է, «Լրտեսական կամուրջ»-ն է՝ Թոմ Հենքսի մասնակցությամբ: Փորձում եմ նոր լեզուներ սովորել, օրինակ՝ ֆրանսերեն: Հիմա ես անգլերենով եմ ավելի զբաղված, ուզում եմ շտկել անգլերենս, որովհետև ժամանակակից աշխարհում շատ կարևոր է և հետաքրքիր, ինչու՞ ոչ՝ հիշողությունն է լավ զարգացնում:

Անուշ Թորոսյան Ժամանակին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց գյումրեցի փոքրիկը, ով շտապ վիրահատության կարիք ուներ, և ում Դուք օգնեցիք: Աղջնակին կոչեցին Ձեր անունով: Կարծեմ Բելլա Մոսվսիսյանի հետ մինչև հիմա էլ հանդիպում եք, բարեկամություն եք անում, կպատմե՞ք մի քիչ այդ մասին:



Բելլա Քոչարյան Մենք երևի ժամանակին հայտնվեցինք այդտեղ: Ուզում էինք ուսումնասիրել՝ ինչպե՞ս է ընդհանրապես բուժումը կատարվում: Ինձ հետ էր նաև առողջապահության այն ժամանակվա նախարարը: Ինձ ասացին, որ մի երեխա կա, ով խնդիրներով է ծնվել, և  երևի, եթե Երևանից օգնություն չգա, երեխան կմահանա: Միանգամից նախարարը զանգեց Երևան: Փոքրիկին, այն ժամանակ դեռ Բելոչկա չէր, հասցրին Երևան, կատարվեց վիրահատությունը, և այսօր Բելոչկան առողջ է: Ամեն տարի մենք հանդիպում ենք, մի հրաշք երեխա է, գեղեցկուհի, հայկական վառ աչքերով, թուշիկները կարմիր: Ես հպարտ եմ, որ Աստված մեզ այդ պահին ուղարկեց:

Իզաբելլա Հովհաննիսյան Տիկին Քոչարյան, թեև շատ հետաքրքիր զրույց է ընթանում ներկայի ու ապագայի մասին, սակայն կուզեինք խոսել նաև անցյալի մասին, քանի որ ոչինչ չգիտենք Ձեր հայրական ընտանիքի մասին: Մանկության հուշերից մի փոքր կպատմե՞ք:

Բելլա Քոչարյան Ես երեք քույր ունեմ: Մենք հանդիպելիս միշտ զրուցում ենք, հիշում մեր ծնողներին: Իրոք հրաշալի ծնողներ ենք ունեցել, հիշում ենք նրանց, արտահայտությունները, նույնիսկ մեր երեխաներն են հիշում՝ պապիկն այսպես ասաց, տատիկն այսպես ասաց, շատ հաճելի է լինում: Կարծում եմ՝ մարդու բնավորության հիմնական գծերը ձևավորվում են հենց մանկության տարիներին: Ես շնորհակալ եմ իմ ծնողներին, որ սերմանել են այն լավ բաները, որ իմ մեջ կան: Կցանկանայի, որ նույն կերպ հետագայում մեզ հիշեն մեր զավակները: Դա ամենաբարձր գնահատականը կլինի մեզ համար:

Անուշ Թորոսյան 1997թ. տեղափոխվեցիք Հայաստան: Նախագահ Քոչարյանը մի հարցազրույցում նշել է, որ բավական բարդ էր նոր անկախացած Արցախը թողնելու և Հայաստան գալու, երկրի փլուզված տնտեսությամբ զբաղվելու որոշում կայացնելը: Բայց սա, այսպես ասենք, տղամարդ քաղաքական գործչի տեսանկյուն է: Ինչպիսի՞ն էր կնոջ հոգեվիճակն այդ պահին, երեխաներն ի՞նչ հույզեր ունեին:

Բելլա Քոչարյան Իրոք, շատ դժվար պահեր էին, անկեղծ ասած: Դժվար է՝ արդեն ամրացած, ձևավորված… չէ՞ որ Արցախը մեր պապական տունն է, Ստեփանակերտում մենք ծնվել ենք, մեծացել, դպրոց գնացել, ամուսնացել, երեխաներ ունեցել, և հանկարծ՝ այդ ամենը պետք է թողնել, որովհետև կարևոր է: Շատ դժվար էր՝ ինձ համար, երեխաների համար, բայց մենք ընտանիքով հաղթահարեցինք այդ բարիերը: Հիմա ես Երևանը նույն չափով սիրում եմ, գուցե՝ որովհետև իմ ուսանողական տարիներն անցել են Երևանում, այն շատ հարազատ է մեզ համար, բայց Ղարաբաղը մենք չենք մոռանում, տարին մեկ-երկու անգամ այցելում ենք անպայման:

Իզաբելլա Հովհաննիսյան Պարտավորեցնող բան է լինել երկրի առաջին տիկինը, մշտապես հանրության ուշադրության կենտրոնում: Պատկերացնում եմ՝ ինչ նոր ծանոթություններ, նոր տպավորություններ եղան այդ տարիներին: Կուզեինք իմանալ՝ նոր կարգավիճակին հե՞շտ եղավ հարմարվելը, թեպետ ասացիք, որ ուսանողական տարիներն այստեղ են անցել:

Բելլա Քոչարյան Գիտեք, ոչ թե Երևանը խորթ էր ինձ համար, այլ իրավիճակը, ստատուսը… մի քիչ շփոթված էի ես, ոչ մեկին չես ճանաչում, այդ փորձը չկա: Ղարաբաղում պատերազմի ժամանակ առաջին տիկնոջ դերը այդքան կայացած, այդքան ընդգծված չէր: Փորձեցի քիչ-քիչ, փոքրիկ քայլերով ուսումնասիրել, չգիտեմ՝ ստացվե՞ց, թե՞ ոչ, դա ես չէ, որ պիտի ասեմ: Հիշում եմ՝ երբ 2002-ին, թե 2003-ին Իրինա Զայցևան ինտերվյու էր վերցնում, այդ ֆիլմը հիշու՞մ եք՝ «Герой дня без галстука»` առանց փողկապի, նա հարցրեց՝ Դուք ընդունվա՞ծ եք: Ես ասացի՝ գիտեք, չեմ կարող ասել, բայց երբ հայ կանայք ինձ ընդունեն, ես կհամարեմ, որ ինչ-որ ձևով կայացած եմ:



Անուշ Թորոսյան Նաև շփվում էիք այլ երկրների առաջին տիկնանց հետ:

Բելլա Քոչարյան Իհարկե, շփումներ կային: Շատ ջերմ շփումներ էին Ռուսաստանի առաջին տիկնոջ՝ Լյուդմիլա Պուտինայի հետ: Մենք ունեինք ընդհանուր ծրագրեր: Լյուդմիլա Պուտիանան  «Библи Образ»  պրոյեկտն ուներ: Այդ պրոյեկտը նվիրված էր գրադարաններին: Մենք ուսումնասիրեցինք, թե ինչ վիճակում են մեր երկրում գրադարանները: Երևանում երկու անգամ կայացան օլիմպիադաներ՝ նվիրված ռուսաց լեզվին: 

Անուշ Թորոսյան Այդ հարաբերությունները զուտ  արարողակարգայի՞ն էին, թե՞ ստացվում էր նաև ընկերանալ, մտերմանալ: Ի՞նչ հետաքրքիր դեպք կպատմեք:

Բելլա Քոչարյան Սկզբից սկսվում է որպես արարողակարգային, հետո, աշխատանքային ոճը, եթե համընկնում է, շարունակվում է: Նույնը կատարվեց Լեհաստանի առաջին տիկնոջ հետ, շատ մտերիմ էինք: 2000 թվականին Վարշավայում կայացավ մի շատ մեծ միջոցառում՝ նվիրված երեխաների պաշտպանության 10-ամյակին: Հրավիրված էին առաջին տիկինները, և նույնիսկ երեք թագուհիներ կային՝ Իսպանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագուհիները: Ես ելույթ ունեցա, պատմեցի, թե ինչ վիճակում է երեխաների պաշտպանությունը Հայաստանում: Հետո կայացավ գալա համերգ Վարշավայի օպերային թատրոնում: Ինձ ասել էին՝ յուրաքանչյուր առաջին տիկին պետք է մի շնորհալի մանուկի հետ մասնակցի համերգին: Ինձ հետ եկավ Սիրուշոն: Ես չէի ճանաչում Սիրուշոյին, նա 13 տարեկան էր: Նա շատ հրաշալի ելույթ ունեցավ, երգեց «Հայաստան» երգը, և նույնիսկ Իսպանիայի թագուհին մոտեցավ, ասաց՝ ինչ հրաշալի մանուկ է, և ինչ գեղեցիկ երգ է: Ես Լևոնից առաջ ընկա, ավելի շուտ ծանոթացա Սիրուշոյի հետ: Բերնադետ Շիրակի հետ էլի շատ լավ հարաբերություններ ունեցանք: Միասին մասնակցեցինք Շառլ Ազնավուրի համերգին: Նաինա Ելցինայի հետ նույնպես: Մենք հրավիրեցինք Ելցինների ընտանիքին, երբ արդեն Ելցինը նախագահ չէր, և շատ դրական տպավորություն թողեց Նաինա Ելցինան՝ իր համեստությամբ, իր պահվածքով, իսկական առաջին տիկին էր:

Իզաբելլա Հովհաննիսյան Տիկին Քոչարյան, իսկ կարելի՞ է իմանալ՝ ինչպիսի՞ն է Ռոբերտ Քոչարյանը տանը: Մենք սովոր ենք տեսնել երկրորդ նախագահին պետական գործչի կարգավիճակում կամ մարզվելիս, դահուկ վարելիս: Բայց ինչպիսի՞ն է ընտանիքում՝ չգիտենք:

Բելլա Քոչարյան Սովորական հայ տղամարդ է տանը: Լավ ամուսին է, լավ հայր է, շատ լավ պապիկ է: Իմ զավակները սիրում են զրուցել իր հետ, որովհետև ինքը լավ խորհուրդներ է տալիս: Շատ համեստ է, շատ նորմալ տղամարդ է:

Իզաբելլա Հովհաննիսյան  Խի՞ստ է բնավորությամբ:

Բելլա Քոչարյան Չէ, բայց պահեր կան, որ երևի պետք է լինել խիստ: Բայց ավելի մեղմ է, քանի որ կարիք չկա հրամաններ տալ, հետևել աշխատանքներին:

Անուշ Թորոսյան Երեք զավակ ունեք, չորս թոռ՝ երեք աղջիկ և մեկ տղա: Ձեր թոռների դաստիարակությամբ հասցնու՞մ եք զբաղվել: Կամ ավելի ընդարձակենք հարցը. ըստ Ձեզ՝ մեր փոփոխվող աշխարհում ի՞նչը պետք է դրված լինի երեխաների դաստիարակության հիմքում:

Բելլա Քոչարյան Շատ գրքեր կան, մասնագետներ կան, որոնք զբաղվում են այդ հարցերով: Բայց կարծում եմ՝ լավագույնը քո սեփական օրինակն է ընտանիքում, քո պահվածքը, որովհետև երեխաները շատ զգայուն են: Նրանք զգում են այդ կեղծը: Եվ իրենք, որ անկեղծ են, ուզում են, որ իրենց հետ էլ  անկեղծ լինես: Ես կարծում եմ, որ շատ կարևոր է՝ քո խոսքը և գործը իրար հետ համընկնի: Թե չէ՝ կարող է՝ մի բան ասես, բայց չանես, երեխան տեսնում է: Երեխայի հիմքը ընտանիքում է դրվում, և պետք չէ խուսափել նկատողություն անել, բայց՝ լավ ձևով: Բայց դաստիարակությունը այն չէ, որ նստեցնես, ասես՝ սա ճիշտ է, սա վատ է, դու եթե օրինակ չես՝ չի լինի:



Իզաբելլա Հովհաննիսյան Մի ավանդական հայկական հարց պետք է տանք սկեսուրին, կեսկատակ կեսլուրջ. գո՞հ եք հարսներից:

Բելլա Քոչարյան Այո, շատ գոհ եմ: Եվ Զառան, և Սիրուշոն շատ կազմակերպված, շատ կիրթ, ժամանակակից և շատ հարգանքով դեպի մեզ երիտասարդ կանայք են: Շատ ճիշտ են իրենք դաստիարակվել: Դրա հետ միասին շատ ժամանակակից են և ամբիցիաներ ունեն յուրքանչյուրն իր բնագավառում: Ուզում են ձգտել բարձունքների: Բայց առաջնայինը իրենց համար ընտանիքն է, իրենց ամուսինները, երեխաները և մեր մեծ ընտանիքը: Բայց պետք է ասեմ, ես նաև փեսա ունեմ: Գայանեի ամուսինը, չե՞ք ուզում իմանալ զոքանչ-փեսայի հարաբերությունները: Վիգենը նույնպես շատ կիրթ, կազմակերպված և լավ դաստիարակված երիտասարդ տղամարդ է: Եվ ես շատ շնորհակալ եմ իմ հարսների և փեսայի ծնողներին, որոնք շատ ճիշտ են դաստիարակել իրենց երեխաներին:

Անուշ Թորոսյան Նաև խոսենք կնոջ դերի մասին: Այսօր սեռերի հավասարության  ժամանակաշրջանում այս հարցի վերաբերյալ տարատեսակ կարծիքներ կան: Եվ ասում են կինն ու տղամարդը պետք է հավասար դիրքերում լինեն, մյուս կողմից նորից կարծիքներ են հնչում, թե պետք է կանանց ընդհանրապես մեկուսացնել հասարակական ու քաղաքական կյանքից, զրկել որոշ իրավունքներից: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է հայ կնոջ դերը ժամանակակից հասարակության մեջ:

Բելլա Քոչարյան Բնության մեջ հավասարություն չկա: Եվ ես կարծում եմ, որ լիովին հավասարություն չկա նաև կնոջ և տղամարդու միջև: Բայց տեսնելով, ինչ ճանապարհ են անցել կանայք, որպեսզի ստանան իրենց անկախությունը՝ ես շատ հպարտ եմ: Բայց մենք չպետք է մոռանանք յուրաքանչյուր ազգին բնորոշ հատկությունները: Մեր ազգը, հասարակությունը չի սիրում, երբ կինը չափից դուրս ակտիվ է: Ինքնավստահությունը լավ բան է, բայց այդ ակտիվությունը չի ընդունվում մեր հասարակության կողմից: Եվ հաճախ այդ շատ ակտիվ կանայք կորցնում են իրենց կանացիությունը, և այդ ակտիվությունը հաճախ խանգարում է իրենց ամուսիններին: Նրանք ոչ թե բարձրացնում են, ընդհակառակը՝ ցածրացնում են ամուսինների դերը, մանավանդ, եթե ամուսինը դիրք ունի հասարակության մեջ: Իմ կարծիքով՝ ամեն ինչ պետք է լինի չափի մեջ, և յուրաքանչյուր կին պետք է իմանա իր տարածքը, որ դրանից հետո պետք չէ շատ ակտիվություն ցույց տալ:

Իզաբելլա Հովհաննիսյան Տիկին Քոչարյան, իսկ չե՞ք կարծում, որ այդ ակտիվությունը նրանից է գալիս, որ հիմա  կանայք  ավելի հեշտ են աշխատանք գտնում, ավելի բարձր աշխատավարձ են ստանում: Կարելի է ասել՝ կնոջ դերն էլ մի փոքր փոխվել է, անկախացել են:

Բելլա Քոչարյան Միշտ չէ, որ այդ կարգի կանայք են լինում շատ ակտիվ: Կան կանայք, որ, օգտագործելով իրենց ստատուսը, փորձում են առաջ ընկնել:Կարծում եմ՝ պետք չէ մրցակցել ամուսնու հետ: Իմ ձևակերպումը այսպես է՝ լինել չափի մեջ:

Իզաբելլա Հովհաննիսյան Եվ վերջում, տիկին Քոչարյան, վերստին շնորհավորելով կանանց միջազգային տոնի կապակցությամբ, կուզենայինք լսել Ձեր շնորհավորանքները մեր այցելուներին:

Բելլա Քոչարյան Ես սրտանց շնորհավորում եմ բոլոր կանանց այս գեղեցիկ տոնի առիթով: Գիտեմ, որ յուրքանչյուր կնոջ սրտի խորքերում կան ցանկություններ, և թող իրականան այդ ցանկությունները: Ուզում եմ դիմել նաև տղամարդկանց, կոչ անել որ նրանք լինեն ավելի ջերմ, ավելի ուշադիր, չէ՞ որ յուրաքանչյուր կին իր ամուսնու լավագույն ընկերն է: Ձեզ էլ եմ շնորհավորում:



Աղբյուրը՝ Yerevan.Today

|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
01.10.2014

 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: