Հարգելի այցելու, 2rd.am կայքն անցնում է աշխատանքային նոր կարգի
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
24 Փետ 2014  

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ, 

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայցնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը դեռևս անցած տարվա դեկտեմբերին ուղարկված մեր հարցաշարի հերթական հարցին: Խնդրո առարկան Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության թեման է: Անկեղծ ասած, մենք ակնկալում էինք պարզել Ռոբերտ Քոչարյանի կարծիքը նաև մեկ այլ թեմայի՝ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Սակայն, ինչպես մեզ տեղեկացրեցին 2-րդ նախագահի գրասենյակից, այս հարցի վերաբերյալ առայժմ գրեթե հնարավոր չէ առարկայական տեսակետ հայտնել՝ թեմայի վերաբերյալ հրապարակային տեղեկատվության սակավության պատճառով: Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում այդ բացը կլրացվի, և մենք կտեղեկանանք նաև այդ հարցի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետին: 


Պարոն նախագահ, հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային Միությանը՝ Հայաստանի անդամակցության վերաբերյալ:

Թեման չափազանց կարևոր է, բայց  դրա էությունը հասկանալու համար պետք է ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում ու Ռուսաստանում իրագործվող մաքսային քաղաքականության մոտեցումների համեմատական վերլուծություն կատարել:
 
Սկսեմ Ռուսաստանից:
 
Ռուսաստանը ԽՍՀՄ-ից ժառանգեց գործնականում տնտեսության բոլոր  ոլորտներն ընդգրկող հզոր արդյունաբերական ներուժ` ռազմաարդյունաբերական համիլիրի վրա արտայատված շեշտադրումով: Բայց այդ ներուժը ինտեգրված չէր համաշխարհային տնտեսությանը և գերակշիռ մեծամասնությամբ պարփակված էր ներքին շուկայում ու սոցիալիստական ճամբարի երկրներում: ԽՍՀՄ արտահանման հիմնական հոդվածը /65 տոկոս/ կազմում էր նավթի ու գազի արտահանումը: Որպեսզի պաշտպանի իր տնտեսությունը ավելի մրցունակ ներմուծումից,  Ռուսաստանը կիրառում էր բարձր մաքսատուրքեր, իսկ ներքին շուկայի ծավալները թույլ էին տալիս գործել նրա արդյունաբերությանը: Կիրառելով արտահանման տուրքեր և քվոտաներ էներգակիրների արտահանման վրա՝ կառավարությունը պահպանում էր դրանց ներքին ցածր գները, ինչը պահում էր ռուսական տնտեսության որոշակի մրցունակությունը: Իմիջիայլոց, դա թույլ տվեց խուսափել այն կոլապսից, որ տեղի ունեցավ Հայաստանի տնտեսության հետ 90-ական թվականների սկզբին: Այժմ, անդամակցելով Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանը, Ռուսաստանը համաշխարհային տնտեսությանը լիարժեքորեն ինտեգրվելու համար աստիճանաբար վերանայում է արտաքին առևտրի կանոնները: Դա կարճաժամկետ հեռանկարում որոշակի դժվարություններ կստեղծի, սակայն երկարաժամկետ առումով երկիրն անկասկած շահելու է: 
Իսկ ի˚նչ կատարվեց Հայաստանում: 

Մենք ժառանգեցինք լուրջ արդյունաբերական ներուժ՝ կողմնորոշված դեպի ԽՍՀՄ շուկա, որն արդեն գոյություն չուներ: Ներքին շուկայի ծավալներն այդ արդյունաբերության համար չնչին էին, իսկ մի շարք ոլորտների համար՝ պարզապես զրոյական: Ռուսաստանի հետ ընդհանուր սահմանի և երկաթուղային հաղորդակցության բացակայությունը ի չիք էր դարձնում նախկին կոոպերացիայի վերականգնման ջանքերը: Ռուսական տնտեսության մի շարք ոլորտների աղետալի վիճակը 90-ականների կեսերին նույնպես լավատեսություն չէր ավելացնում: ԽՍՀՄ փլուզման հետ մեկտեղ Հայաստանի արդյունաբերության զգալի մասը անմիջապես դարձավ էքսպորտային՝ ավանդական վաճառահանման շուկայի և տեխնոլոգիական կոոպերացիաների գծով գործընկերների կորուստի պայմաններում: Ըստ էության, բացի գյուղատնտեսությունից ու վերամշակու¬մից, արդյունաբերության բազմաթիվ ճյուղերի պաշտպանությունը մաքսա¬տուր¬քերով անիմաստ էր: Հովանավորչությունը կարող էր արտահայտվել բոլորովին այլ գործիքների կիրառմամբ, բայց ոչ մաքսային արգելքներով: Գումարեք դրան նաև Հայաստանի շրջափակումը, որը բերում էր տրանսպորտային ծախսերի թանկացման գրեթե բոլոր ապրանաքատեսակ¬ների համար: Այդ պատճառով էլ ՀՀ կառավարությունը 90-ականների կեսերին գնաց արտաքին առևտրի ազատականացման, և Հայաստանը մտավ ԱՀԿ 2003թ.՝ համաշխարհային տնտեսության մեջ լիարժեք ինտեգրացիայի գործընթացն արագացնելու համար: 

Այսպիսով, Հայաստանն ու Ռուսաստանը, օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, երկար ժամանակ մաքսային քաղաքականության մեջ տարբեր մոտեցումներ էին իրականացնում, և այդ մոտեցումները մեր երկրների մաքսային օրենսգրքերի հիմքը դարձան: Իսկ քանի որ Մաքսային Միության մոտեցումներում ընկած է ՌԴ մաքսային օրենսգիրքը, հարց է առաջանում, թե ի՞նչ խնդիր է լուծում Հայաստանն իր տնտեսության համար՝ բարձրացնելով մաքսատուրքերը ռուսաստանյան մակարդակի, և կհաջողի՞ արդյոք անցնցում վերափոխել իր մոտեցումները: 

Այս հարցում ես չեմ կիսում մեր պաշտոնատար անձանց լավատեսությունը, քանի որ տնտեսությունը իներցիոն բնույթ ունի, և կտրուկ շրջադարձերն այստեղ հակացուցված են: Մարդիկ տարիներով կառուցում են իրենց բիզնեսը գործող կանոների տրամաբանությամբ, և այն վերահարմարեցնելու համար ժամանակ է հարկավոր: Ակնհայտ է, որ բիզնեսի որոշ տեսակներ կբարելավեն իրենց դիրքերը, որոշները կտուժեն, իսկ որոշները՝ ուղղակի կմեռնեն: Անհրաժեշտ է խորը և բիզնեսի համար բաց վերլուծություն ՄՄ երկրների շուկաների բոլոր ապրանքային խմբերի գծով՝ կանխատեսելու համար բոլոր հնարավոր հետևանքները: Գործարարներն ու ֆերմերները պետք է իմանան, թե որ ճյուղերում են իրենց դժվարություններ սպասում, և հակառակը՝ որում իրենք կարող են ավելացնել իրենց հնարավորությունները: Դա կօգնի նաև բանկերին ու վարկային կազմակերպություններին՝ ավելի արդյունավետ և փոքր ռիսկայնությամբ տնօրինել ֆինանսական ռեսուրսները: 

Բացի այդ, ամենայն հավանականությամբ, Եվրամիությունը  Հայաստանի հետ առևտրում կվերանայի արտոնությունների համակարգը (GSP+), ինչի մասին արդեն ակնարկում են ԵՄ երկրների դեսպանները: Հարցեր կառաջանան նաև ԱՀԿ շրջանակներում արդեն պայմանավորված մաքսատուրքերի փոփոխության վերաբերյալ, ինչից դժվար թե հաջողվի խուսափել: Դա կբերի մեր ապրանքների նկատամամբ  պատասխան միջոցների կիրառմանը: Թե ինչպես դա կազդի Հայաստանի տնտեսության և մեր երկրի երկարաժամկետ ներդրումային գրավչության վրա՝ դժվար է գնահատել: 

Մեկ այլ՝ արդեն բարձրաձայնված խնդիր.  ՄՄ շրջանակներից դուրս գտնվող երկրներից ներմուծվող ապրանքների գների բարձրացումը: Հաշվի առնելով սպառողական շուկայում այդպիսի ապրանքների գերակայությունն ու Հայաստանի առևտրային բալանսի դեֆիցիտի մակարդակը՝ խոսք է գնում բավականին էական ծավալների մասին: Այստեղ բանաձևը շատ պարզ է. բարձացնում ես մաքսատուրքերը՝ բարձանում է նաև ապրանքի գինը խանութում:  Կամ էլ տեղի է ունենում այդ ապրանքների փոխարինումը համանման ապրանքներով՝ Մաքսային Միության անդամ երկրներից, եթե այդպիսիք այնտեղ արտադրվում են: Օրինակ, ասենք, Բելառուսի մսամթերքները և կաթնամթերքները  կարող են էժանանալ Հայաստանում, իսկ մեր գինին ու կոնյակը՝ Բելառուսում: Ինչպե՞ս կդիմանա այս մրցակցությանը մեր անասնապահությունը, ցույց կտա ժամանակը: Այլ երկրներից ներմուծվող  կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի ու մեքենաների զգալի մասը կթանկանա, եթե չլինեն համպատասխան բացառություններ: Այստեղ ամեն ինչ հնարավոր է հաշվարկել և կանխատեսել, և այդ հաշվարկները պետք է մատչելի լինեն հասարակությանը: Գների էական ավելացումը կարելի է զսպել միայն ներդնելով բացառությունների ծավալուն ցուցակ, ներդաշնակելով այն ԱՀԿ առջև Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակում մաքսային գանձումների աստիճանական նվազեցման հետ: Իսկ դա կախված է անցկացվելիք աշխատանքային բանակցությունների արդյունքներից՝ ՄՄ բոլոր երկրների հետ, որոնք էլ իրենց հերթին կներկայացնեն փոխադարձ պահանջներ: Դա շահերի համաձայնեցման աշխատատար գործընթաց է, և շտապողականությունը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների:

Ես գիտակցաբար կանգ չեմ առնում այն բանի վրա, թե Հայաստանի համար ինչ վարկանիշային կորուստներով սկսվեց միացումը Մաքսային Միությանը՝ տարակուսանքի առիթ դառնալով մեր եվրոպացի գործընկերների համար: Դա այլևս չես շտկի: Չարժեր գնալ ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրմանը ՎՈՒԱՄ-ի երկրների ընկերակցությամբ, այն էլ ակտիվ քարոզչությամբ: Դա գործընթացին ավելորդ աշխարհաքաղաքական երանգ հաղորդեց: Ռուսաստանի արձագանքը միանգամայն կանխատեսելի էր: 

Այսպես թե այնպես՝ ունենք այն, ինչ ունենք: Ցանկալի է, որ անդամակցությունը Մաքսային Միությանը ընթանա հանգիստ, լինի նվազագույնս քաղաքականացված և առավելագույնս հաշվի առնելով երկրի տնտեսության երկարաժամկետ շահերը: Ցանկացած սխալ հաշվարկ բացասական հետևանքներ կունենա Հայաստանի բոլոր բնակիչների համար:

Հ. Գ.  Նրանց, ովքեր չեն կարող տեղի-անտեղի չարտահայտվել, առաջարկում եմ ուշադիր կարդալ, որպեսզի չստացվի այնպես, ինչպես միշտ:


|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: