Այց, որով նոր համագորցակցության հիմքը դրվեց
Ռոբերտ Քոչարյան. Պատասխանատվությունից հնարավոր չէ խուսափել
23 Դեկ 2013  

Հայ դիվանագիտության օրագիրը գեղարվեստական գրավչությամբ

Օրերս լույս տեսավ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Անկախության ճանապարհով. Փոքր երկրի մեծ մարտահրավերները» գիրքը: Հայաստանի անկախության շուրջ 20 տարիների դիվանագիտական դժվարությունների ու ձեռքբերումների մասին պատմող  այս գիրքը, որը հեղինակը նախարարական օրագիր է նաև կոչել, ընթերցվում է մեծ հետաքրքրությամբ, և գեղարվեստական վեպի գրավչություն ու թեթևություն ունի: Վարդան Օսկանյանը տասը տարի եղել է մեր երկրի արտգործնախարարը, և այդ տասը տարիները համընկել են Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանի հետ: Ուստի բնական է, որ Ռոբերտ Քոչարյանը նախարարի օրագրում պատկառելի տեղ պիտի ունենար:  Որոշ  կրճատումներով ներկայացնում ենք մի քանի հատված, որտեղ Վարդան Օսկանյանը պատմում է դրվագներ իր և նախագահ Ռոբերտ Քոչարյանի համատեղ աշխատանքից:

1.Բերեմ մի օրինակ, որը դիվանագիտության պատմության մեջ համարվում  է երկարաժամկետ քայլերի  հաջորդականության լավագույն օրիանկներից մեկը: 1862-ին Պրուսյայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը, Բրիտանյայում հանդիպելով Բենիամին Դիզրայելի հետ (որն ավելի ուշ դարձավ վարչապետ ) , ընդամենը կեսժամանոց հանդիպման ընթացքում նրան ներկայացնում է հաջորդ տարիներին իր անելիք քայլերը՝ ասելով. «Դանիայից վերցնելու եմ Շլեզվիգ-Հոլշտեյնը, Ավստրիային դուրս եմ թողնելու Գերմանական համադաշնությունից և հարձակվելու եմ Ֆրանսիայի վրա»: Հաջորդ ինր տարիների ընթացքւմ Բիսմարկը նույն հերթակականությաբ և հաջողությամբ իրականցրեց այս երեք քայերը՝ 1871-ին հասնելով Գերմանիայի միավորմանը: Ասեմ, որ սկզբունքի ջատագովը Հայաստանի Նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր (1998-2008): Մինչև նրա համար հստակ չէր լինում ինչ-որ նպատակի հասնելու մեր քայլերի հերթականությունը և դրանցից յուրաքանչյուրի հաջողության երաշխավորումը, ո՛չ ինքն էր անում, ո՛չ էլ ինձ էր թույլ տալիս անելու առաջին քայլը:

2.Ռոբերտ Քոչարյանի հետ իմ առաջին շփումները եղել են 1994-ին: Այդ տարվա դեկտեմբերին Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովից վերադառնալուց հետո ես մեկնեցի Ստեփանակերտ՝ որպես արտաքին գործերի փոխնախարար և ղարաբաղյան խնդրով Հայաստանի բանագնաց: Այստեղ էլ աաջին անգամ պաշտոնապես հանդիպեցի Քոչարյանի հետ՝ քննարկելու Բուդապեշտի գագաթաժողովի արդյունքում բանակցային գործընթացում ստեղծված նոր իրավիճակը և մեր հետագա անելիքները:
Այդ օրվանից մեր հանդիպումներն ավելի հաճախակի դարձան և՛ Ստեփանակերտում, և՛ Երևանում՝ նրա այցելությունների ընթացքում: Իսկ երբ Քոչարյանը դարձավ վարչապետ, արտգործնախարարության հետ իր առնչություններում հիմնականում հիմնվում էր ինձ վրա: Իհարկե, իմ և Քոչարյանի համատեղ առավել խորքային աշխատանքը ծավալվեց, երբ նա դարձավ նախագահ, իսկ ես նշանակվեցի արտաքին գործերի նախարար, և միասին աշխատեցինք հաջորդ տասը տարիներին:
Մեր հարաբերությունների երկարակեցությունը պայմանավորված էր փոխադարձ հարգանքով, վստահությամբ, կարողությունների գնահատմամբ, ինչպես նաև հարաբերությունների զուտ պաշտոնական ու աշխատանքային բնույթով: Ինձ համար Քոչարյանի կարևորագույն հատկանիշներից մեկն այն էր, որ նա ո՛չ սիրում էր հաճոյախոսել և ո՛չ էլ հաճոյախոսություն լսել: Դա նշանակում էր, որ նրա հետ կարելի էր բաց ու անկեղծ խոսել: Այդպես էլ կար ամբողջ տաս տարիների ընթացքում:


3.Նրա բնավորության գլխավոր հատկանիշներից էր նաև այն, որ նախքան որևէ կարևոր քայլ անելը պետք է իր համար պարզեր , թե ինչպիսիք են լինելու խնդրի լուծմանն ուղղված հետագա քայլերը: Նա պետք է վստահ լիներ, որ դա նրան անպայման կհաջովի: Քոչարյանի այս հատկանիշը բացահայտվում էր ոչ միայն քաղաքական որոշումներ կայացնելիս, այլև առօրյա հարցերում:
Նա սիրում էր բասկետբոլ խաղալ: 1998-ի նախագահական ընտրությունների նախաշեմին և դրանից հետո որոշ ժամանակ Կարմիր խաչի համալիրի դահլիճում բասկետբոլ էինք խաղում: Հավաքվում էին նրան մոտ կանգնած մի քանի մարդիկ, այդ թվում՝ ես: Հաճախ հարց էր ծագում, թե ինչպես կազմել երկու թիմերը, որպեսզի նրանց միջև հավասարակշռություն պահպանվի, ու հաճախ թիմ կազմելը շատ երկար էր տևում: Քոչարյանն այդ հարցում հիմնական որոշողն էր, և ցանկանում էր վստահ լինել, որ իր թիմը այնպես կազմեր,  որ մրցունակ լինի:
Մի օր ԱՄՆ-ի դեսպանությունից առաջարկ եկավ, որ Քոչարյանն իր թիմով խաղա դեսպանության թիմի հետ: Առաջարկը մերժելու պատճառ չկար: Սակայն Քոչարյանը չգիտեր նրանց թիմի կարողությունները և հզորությունը ու չէր ցանկանում անակնկալի գալ: Հատուկ մարդ ուղղարկեց ամերիկյան թիմի պարապմունքը դիտելու և կարողությունները գնահատելու:


4. 2005թ.-ի տարեվերջին Սոչիում էինք: Քոչարյանն իր հերթական հանդիպումներից մեկն էր ունենալու Պուտինի հետ: Մոտ մեկ ժամ առանձնազրույցից հետո երկու կողմի պատվիրակությունների անդամներին հրավիրեցին ընդլայնված կազմով ճաշկերույթ-հանդիպմանը: Այնտեղ էին նաև Լավրովը, նախագահների աշխատակազմերի ղեկավարները, ինչպես նաև երկու երկրների էներգետիակայի նախարարները և գազի ոլորտի պատասխանատուները: Թեման՝ Ռուսաստանի կողմից գազի գնի բարձրացումն էր բոլոր սպառող երկրների համար, ներառյալ՝ Հայաստանի, և Քոչարյանի խնդիրն էր այդ անակնկալ որոշման հետևանքները Հայաստանի համար նվազագույնի հասցնել, ինչպես նաև ժամանակի առումով կանխատեսելիության դաշտ տեղափոխել:

Հանդիպման հենց սկզբից, երբ մեզ սպասարկեցին առաջին պնակը, արդեն պարզ դարձավ, որ Ռուսաստանի որոշումը և՛ գազի, և՛ ժամկետների առումով վերջնական է: Թեթևակի լարված մթնոլորտ առաջացավ: Մենք սպասում էինք Քոչարյանին, որ նա սկսի ճաշակել մատուցվածը, բայց նա ձեռք չէր տալիս: Նույնն արեցինք մենք: Ռուսական կողմի՝ առաջինն ավարտելուց  հետո մատուցողները հավաքեցին ռուսների դատարկ և մեր լիքը ափսեները՝ մեր բոլորի առաջ դնելով երկրորդը: Քննարկումը շարունակվում էր հիմնականում երկու նախագահների միջև: Քոչարյանը հիմնավորում էր, թե ինչու է Հայաստանի համար այս տարբերակն անընդունելի, իսկ Պուտինը՝ ինչու Ռուսաստանը չի կարող Հայաստանին հատուկ վերաբերմունք ցուցաբերել: Ռուսական խոհանոցի երկրորդ, համոզված եմ, համեղ ճաշատեսակը նույն ճակատագրին արժանացավ, ինչ առաջինը, երբ մատուցողները հավաքեցին լիքն ու դատարկ ափսեները՝ մեր առաջ դնելով երրորդը: Եվ այսպես մինչև աղանդերի մատուցումը: Մթնոլորտն ահագին թեժացել էր, երբ Քոչարյանը, համոզված լինելով, որ անհնար է լինելու ռուսական կողմի կարծիքը փոխել, ձեռքը խփեց սեղանին, ոտքի կանգնեց և, մեզ նայելով, ասաց՝ գնացինք:

Քար լռություն էր սենյակում: Մենք շարժվում էինք դեպի դուռը, երբ Լավրովն ասաց. «Վլադի՛միր Վլադիմիրովիչ, ես մեկ առաջարկ ունեմ»: Ոտքի վրա լսեցինք Լավրովի առաջարկությունը, որից հետո Պուտինն ասաց. «Ռոբե՛րտ Սեդրակովիչ, ընդունելի՞ է Ձեզ համար»: «Իհարկե, ընդունելի է»,- պատասխանեց Քոչարյանը և վերադարձավ դեպի սեղանը: Լավրովն այդ պահին իրոք փրկեց իրավիճակը:


5. Իմ նախարարության տարիների Թուրքիայի նկատմամբ Հայաստանի վարած քաղաքականության գլխավոր տարբությունը Տեր-Պոտրոսյանի վարչակազմի քաղաքականությունից վերաբերում էր  Հայոց ցեղասպանությանը: Քոչարյանը նախագահության արդեն առաջին տարում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բարձրագույն ամբիոնից իր ելույթում խոսեց Ցեղասպանության մասին: Դրանով նա ազդարարում էր, որ Հայաստանը Ցեղասպանության ճանաչումն ընդգրկել է իր արտաքին քաղաքականության օրակարգում:
Այդ որոշումը իմ և Քոչարյանի միջև երկար քննարկումների արդյունք էր: Քննարկումերի առանցքը ոչ թե մեր տարակարծություններն ու անհամաձայնություններն էին (այդպիսիք չկային), այլ փոխադարձ հիմնավորումերն ու վերլուծությունները, որոնց նպատակն էր համոզվել, որ հարցի ներառումը արտաքին քաղաքականության օրակարգում բացասակն որևէ հետևանք չի ունենա այլ հարցերի վրա և ընկալելի կլինի միջազային հանրության համար:
Ցեղասպանության հարցն արտաքին քաղաքականության օրակարգում ներառելու որոշումը կայացվեց՝ ելնելով մի քանի հիմնավորումներից: Առաջին՝ Հայաստանը պարտավորություն ունի հայ ժողովրդի առաջ Ցեղասպանության հարցը բարձրացնել և արժանացնել ճանաչման՝ որպես նվազագույն փոխհատուցում հայության նկատմամբ իրագործված աննախադեպ ոճիրի: Երկրորդ՝ որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ դարձած ժողովրդի ներկայացուցիչ՝  Հայաստանի կառավարությունը մարդկության առջև բարոյական պարտավորություն ունի հետամուտ լինելու Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը՝ նպաստելով այլ ցեղասպանությունների կանխարգելմանը: Երրորդ՝ արդեն անկախությունից ի վեր Հայաստանի կողմից այս հարցի համեստ արծարծումը չէր նպաստել Թուրքիայի կողմից կառուցողական քայլերի և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը:Վերջապես՝ Ցեղասպանության ճանաչման հարցը արտաքին քաղաքականության օրակարգ ներառելով հանդերձ՝ մենք այն չէինք դարձնում նախապայման Թուքիայի հետ նորմալ, բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար: Մեր շեշտադրումը երկու երկրների միջև կնճիռների հաղթահարումն ու հաշտեցումն էր, և այդ մոտեցումը ողջունվեց այլ պետությունների կողմից, որոնք լավ էին հասկանում այն բարոյական և քաղաքական երկընտրանքը, որի առջև կանգնած էինք: Մենք բարձրաձայն արտահայտվում էինք այնտեղ և այն ժամանակ, երբ պատշաճ էր Ցեղասպանության մասին խոսելը, և միևնույն ժամանակ պնդում, որ անհրաժեշտ է նորմալ հարաբերություններ հաստատել: 


6. Այդ նույն օրը/Հեղինակը նկատի ունի Ստամբուլում կայացած  ՆԱՏՕ-ի գագաթաժողովը/՝ երեկոյան հետաքրքիր մի իրադարձություն տեղի ունեցավ: ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մասնակիցների համար թուրքական կողմը մեծ միջոցառում էր կազմակերպել Թոփ Քափըի սուլթանական պալատի բացօթյա տարածքում: Սկզբում մեծ համերգ էր, ապա՝ ճաշ պատվիրակությունների բոլոր անդամների՝ ավելի քան հազար մարդու համար: Երբ համերգից առաջ զբաղեցնում էինք մեր տեղերը, ես հայտնվեցի մեզ տրամադրված երկրորդ շարքի ամենամեջտեղում: Իմ առջև առաջին շարքի չորս տեղերը դատարկ էին: Այդ չորս տեղերը նախատեսված էին ԱՄՆ-ի նախագահ Բուշի և նրա տիկնոջ, ինչպես նաև վարչապետ Էրդողանի և նրա տիկնոջ համար: Համերգն արդեն պետք է սկսվեր, երբ նրանք մոտեցան իրենց տեղերին և սկսեցին ձեռքով բարևել շրջակայքում գտնվողներին: Ես նստած էի անմիջապես նրանց հետևում, Բուշը և Էրդողանը ինձ էլ ձեռքով բարևեցին, իսկ ես անգլերենով ներկայացա՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար: Իրեն հատուկ ոճով Բուշը հարցրեց. «Ինչպե՞ս են գործերը Հայաստանում »: Պատասխանեցի, որ ամեն ինչ լավ է: Նրա տիկինը՝ Լորա Բուշը, լսելով, որ ես Հայաստանից եմ, խնդրեց որ հատուկ ողջույններ փոխանցեմ Հայաստանի առաջին տիկին Բելլա Քոչարյանին: Այս միջոցառումից ամիսներ առաջ Մոսկվայում Ռուսաստանի առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան միջոցառում էր կազմակերպել մի քանի երկրների առաջին տիկնանց մասնակցությամբ՝ նվիրված գրքին և գրականությանը, որին մասնակցել էին նաև Բուլղարիայի առաջին տիկինը, Լորա Բուշը և Բելլա Քոչարյանը: Այնտեղ տիկին Բուշի և տիկին Քոչարյանի միջև ծանոթություն և համակրանք էր հաստատվել:


7. Լեռնայի Ղարաբաղի հարցում մեր նոր մոտեցումների կիրառման առումով Պրիմակովից հետո իմ երկրորդ կարևոր հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ էր՝ Լիբանանի վարչապետ Հարիրիի միջնորդութամբ:
Մի օր Քոչարյանը հյուրընկալված է եղել լոնդոնաբնակ գործարար Վաչե Մանուկյանի մոտ՝ նրա՝ Մոնտե Կառլոյում խարիսխ գցած շքեղ նավի վրա: Այդ օրերին այնտեղ է եղել  նաև Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրին, որը ընկերական հարաբերություններ ուներ իր հայրենակից Վաչե Մանուկյանի հետ: Օգտվելով առիթից՝ Հարիրին իր նավի վրա ճաշկերույթի է հրավիրել Քոչարյանին և Մանուկյանին: Ճաշի ընթացքում զրույց է ծավալվել նաև Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ: Մինչ այդ Հարիրին, տեղեկանալով, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը փակուղի է մտել, և որ Ֆրանսիան միջնորդ երկրներից մեկն է, ասել էր, որ մտերմիկ, բարեկամական հարաբերություններ ունի Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ, և Քոչարյանին առաջարկել էր առաջին իսկ հնարավորույան դեպքում առիթ ստեղծել, որ Հայաստանն իր մոտեցումները մանրամասն ներկայացնի նրան:
1998-ի մայսի 28-ին ես Լյուքսեմբուրգում էի՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի Համագործակցության խորհրդի նախարարական հանդիպմանը: Ուշ երեկոյան զանգ եկավ Քոչարյանից. Նա ինձ հանձնարարեց անմիջապես մեկնել Բեյրութ՝ հանդիպելու Ֆրանսիայի նախագահին և նրան ներկայացնելու Հայաստանի մոտեցումները ղարաբաղյան կարգավորման հարցում:
Այդ օրերին Շիրակը պաշտոնական այցով Լիբանանում էր, և վարչապետ Հարիրին արդեն ստացել էր նախագահ Շիրակի համաձայնությունը այդ հանիպումը կազմակերպելու համար: Նույն օրը՝ օրվա երկրորդ կեսին, ժամանեցի Բեյրութ: Լիբանանում Հայաստանի դեսպան Արման Նավասարդյանի հետ ինձ դիմավորոլու էր եկել Հարիրիի օգնական Արա Սիսեռյանը: Նա հենց այնտեղ՝ օդնավակայանում, մանրամասներ ներկայացրեց հանդիպման ժամանակի, վայրի և արարողակարգային մի քանի այլ հարցերի մասին: Ես հրավիրված էի մասնակցելու մայսի 30-ի երեկոյան կայանալիք՝ Հարիրիի կողմից Շիրակի պատվին տրվող պաշտոնական ճաշին, որը պետք է կայանար Հարիրիի առանձնատան ընդունելությունների սրահում՝ Բեյրութի արևմտյան մասում: Մինչև ճաշը սկսվելը ես Շիրակի և Հարիրիի հետ պետք է առանձնանայի վերջինիս աշխատասենյակում, որտեղ շուրջ երեսուն րոպե պետք է զրուցեինք ղարաբաղյան կարգավորման հարցի շուրջը: Ճիշտ այդպես էլ եղավ:
1998-ի մայիսի 30-ին՝ ժամը 19:45-ին, ես արդեն Հարիրիի աշխատասենյակում էի և սպասում էի նրանց ժամանելուն: Ողիղ ժամը 20:00-ին ներս մտան Հարիրին ու Շիրակը: Միմյանց ողջունելուց և Հարիրիի հետ մի քանի նախադասություն արաբերենով փոխանակելուց հետո անցանք անգլերենի և բուն նյութին: Ընդամենը երկու շաբաթ առաջ Մոսկվայում Պրիմակովի հետ հանդիպումը կարծես նախափորձ լիներ այս հանդիպման համար: Այստեղ արդեն իմ խնդիրն էր մեր մոտեցումները համատեղելի դարձնել համաեվրոպական շահերի և սկզբունքների հետ: Ոչ կոնվենցիոնալ մոտեցման գաղափարը և «դե ֆակտո անկախ, դե յուրե  Ադրբեջանի կազմում» բանաձևը միանգամայն հասկանալի դարձավ Շիրակին: Քննարկումների և ինձ ուղղված պարզաբանող մի քանի հարցերից հետո Շիրակը հայացքն ուղղեց Հարիրիին և ասաց. «Սա ինձ արդեն հնարավորություն կտա ներգրավվելու և աշխատելու կողմերի հետ»: Իրոք, հաջորդ մի քանի տարիների ընթացքում Շիրակը դարձավ բանակցույունների հիմնական շարժիչ ուժը: Նրա  անձնական մասնակցության շնորհիվ բանակցությունները գաղափարարկան լուրջ բեկում ապրեցին: 


8.Մինչև Ժակ Շիրակի անձնական անմիջական մասնակցությունը ղարաբաղյան հարցում, որը սկսվեց 2001-ի սկզբներին և ավարտվեց նույն տարում Քի վեսթում Քոչարյան-Հեյդար Ալիև մեկշաբաթյա գագաթաժողովով, ղարաբաղյան կարգավորման հարցում տեղի ունեցավ աննախադեպ շեղում՝ միջնորդության և բովանդակային առումներով:

Ալիևի այս տրամադրությունները ինչ-որ ձևով հասանելի էին դարձել ամերիկյան միջնորդների, և ահավասիկ հայց ստացանք, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թալբոթը 1999-ի հոկտեմբերի 27-ին ժամանելու է Երևան՝ հանդիպելու նախագահին և քննարկելու ղարաբաղյան հարցի կարգավորման մի նոր առաջարկություն: Միջնորդական առումով սա շեղում էր Մինսկի խմբի բանակցային գործընթացից, որովհետև նախաձեռնությունը միայն ամերիկացիներինն էր, իսկ բովանդակային առումով էապես տարբերվում էր մինչ այդ միջնորդների կողմից արված բոլոր առաջարկություններից:
Այդ հանդիպմանը մասնակցելու համար Քոչարյանը կանչել էր նաև ինձ և վարչապետ Վազգեն Սարգսյանին: Թալբոթի երկհոգանոց պատվիրակությանը միացել էր նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Լեմոնը: Հանդիպումը սկսվեց առավոտ 10:00-ին և կեսօրվա ընդմիջումից հետո դեռ շարունակվում էր: Երեկոյան նախաշեմին՝ 4:15-ի կողմերը, Վազգենը հիշեցրեց. «Պարո՛ն նախագահ,  ես և Վարդանը շուտով պետք է գնանք Ազգային Ժողով՝ կառավարության հարցուպատասխանին»: Բավական բարդ և դժվարին մեր քննարկումները դեռ հեռու էին ավարտվելուց, երբ Քոչարյանը, ամփոփելով օրվա քննարկումները, ի գիտություն ընդունեց առաջարկությունները՝ հույս հայտնելով, որ թերևս առիթ կունենանք շարունակելու հարցը քննարկել և եզրահանգման հասնել: 
Ամերիակցիները հույս ուներին, որ հայկական և ադրբեջանական կողմերի նախնական համաձայնություն ունենալուց հետո նոյեմբերին Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի ընթացքում, նրանց առաջարկությունը կամ դրա մի տարբերակը կարող էր արդեն դառնալ Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված առաջարկություն, որը և սկիզբ կդներ բանակցային նոր փուլի, որի նպատակը պետք է լիներ ղարաբաղյան հարցին տալ համպարփակ և ամբողջական լուծում:
Այդ պահին դեսպան Լեմոնը մի կտոր թղթի վրա գրություն տվեց ինձ, որտեղ ասվում էր, որ Թալբոթը կուզենար ինձ հետ մի քանի այլ հարցերի մասին խոսել, և առաջարկում էր, որ ես իր մեքենայով ուղեկցեմ օդանավակայան, որտեղից նա հատուկ չվերթով պետք է մեկներ Անկարա: Մի պահ մենք բոլորս ոտքի կանգնեցինք, ես պատրաստվում էի Վազգենից հարցուպատասխանին չմասնակցելու թույլտվություն հարցնել, երբ լսեցի, որ Քոչարյանը Վազգենին առաջարկեց՝ միգուցե ընդհանրապես չգնալ Ազգայի ժողով և մնալ ու  երեքով քննարկել նոր առաջարկությունը: Վազգենը պնդեց, որ անպայման պետք է ներկա լինի նիստին, և այսպիսով մենք բաժանվեցինք: Վազգենի թույլտվությամբ ես ուղեկցեցի ամերիկացիներին, իսկ Վազգենը մեկնեց Ազգային ժողով, որտեղ և տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի ողբերգությունը:


9. Քիվեսթյան բանակցություների բացումը հիասթափեցուցիչ էր և՛ մեզ, և՛ Մինսկի խմբի համանախագահների համար: Ալիևը պետքարտուղար Փաուելի ներկայությամբ երևի թե իր ամբողջ նախագահության շրջանի ամենից խիստ, ամենից ոչ կառուցողական, անզիջող և ամնեահակահայկական ելույթն ունեցավ: Ելույթի ընթացքում բոլորս ապշահար իրար էինք նայում, իսկ Քավանոն մղձավանջ էր ապրում: Փաուելը՝ առանց դիմագծի որևէ բացահայտող արտահայտության, սառնասրտորեն լսում էր:
Թվում էր, թե այդ ելույթից հետո մենք բոլորս արդեն պետք է վերադառնանք մեր տները, բայց ադրբեջանցիները՝ իրենց յուրահատուկ սովորությամբ, բացմանը հաջորդած նախարարների մակարդակով բանակցությունների ընթացքում այնպես էին պահում իրենց, կարծես ելույթ ունեցողը իրենց նախագահը չէր: Նրանք մտան իրենց կառուցողական դերի մեջ և սկսեցին քննարկել արդեն սեղանի վրա դրված փարիզյան սկզբունքները պարունակող փաստաթուղթը: Բանակցությունները հիմնականում ընթանում էին իմ և Վիլայաթ Գուլիևի միջև: Նախագահների ներկայությունը կղզում կարծես նպատակ ուներ նրանց ներգրավելու միայն արտաքին գործերի նախարարների մակարդակով  բարդություններ առաջանալու դեպքում: Ուստի երկու նախագահներն էլ անսահմանափակ ազատ ժամանկ ունեին: Կղզում շատ բան չկար անելու, եթե հատուկ սեր ու հետաքրքրություն չունես ջրային մարզաձևի կամ ձկնորսության հետ: Քոչարյանն ուներ և՛ մեկը, և՛ մյուսը, Ալիևը՝ ոչ մեկը: Սա հետքրքրական հակադրություն էր ստեղծել երկու նախագահների միջև, որը խոսակցության առարկա էր դարձել նախագահներին տրամադրված ամերիակացի  թիկնապահների մեծ խմբի շրջանում՝ Ալիևի թիկանապահների մոտ նախանձ  առաջացնելով Քոչարյանի թիկանապահների նկատմամբ: Քոչարյանը ջրից դուրս չէր գալիս, իսկ Ալիևը՝ սենյակից: Մի օր Քոչարյանը գնաց օվկիանոսի խորքերը՝ ձկնորսության, մյուս օրերին ջրային տարբեր տեսակի մարզաձևերով էր զբաղվում, և ոչ ոք չգիտեր, որը կլինի այդ օրը: Երրորդ օրն  ամերիկյան թիկնազորն արդեն պահանջեց, որ նախորոք ասվի իրենց, թե հաջորդ օրը որ մարզաձևն է լինելու: Երբ մի օր էլ Քոչարյանն ասաց, որ հաջորդ օրը ուզում է խորասուզում անել, նրանք արդեն ստիպված էին Մայամիից նոր թիկնապահներ ներգրավել, որոնք մասնագիտացած էին խորասուզմամբ:
Իմ մասով բանակցությունները բավական ինտենսիվ էին ընթանում: Ամերիկացիները մեծ լրջությամբ էին վերաբերվում այս բանակցություններին և անհավատալի պատրաստություններ էին արել՝ նպաստելու փաստաթղթի պատրաստմանը: Մի մեծ խումբ տարբեր ոլորտների մասնագետներ էին ներգրավել Պենտագոնից և ամերիկյան բանակի ինժեներական կորիզից՝ զինված ժամանակակից տեխնիկայով: Սրա անհրաժեշտությունն այն էր, որ Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքով Հայաստանի ինքնիշխանությանը հանձնելու դիմաց Ադրբեջանին պետք է տրամադրվեր ազատ և անխափան կապ Նախիջևանի հետ Հայաստանի միջոցով: Հնարավոր նախատեսվող լուծումներից մեկը Հայաստանի հարավում էստակադաների միջոցով այդ կապի ստեղծումն էր, որը և նման մասնագիտական և տեխնիկական հագեցածություն էր երթադրում: Օրինակ՝ հենց այնտեղ հնարավորություն էր ստեղծվել եռաչափ (3D) տարբերակով համակարգչի միջոցով դիտարկել տեղանքը:
Ակտիվ դիվանագիտական ջանքերը հանգեցրին Քի Վեսթի համաձայնագրին: Քի Վեսթում իր համաձայնությունը տալուց հետո, վերադառնալով Բաքու, նախագահ Ալիևը հետ կանգնեց դրանից: Այսպիսով՝ Քի Վեսթի համաձայնագիրը ևս մերժվեց Ադրբեջանի կողմից, ինչպես ընդհանուր պետության առաջարկը մեկ տարի առաջ: Գործընթացը մտավ փակուղի: 
    

10.Մեկ այլ բռնատիրական պետության հետ իմ հաջորդ առնչությունն Աֆրիկանյում էր: 2004-ի մարտի սկզբին ինձ զեկուցեցին, որ Հասարակածային Գվինեայում հայ օդաչուների վեցհոգանոց անձնակազմ է ձերբակալվել: Նրանք մեղադրվում էին այդ երկրի նախագահ Թեոդորո Օբիանգ Նգուեմա Մբասոգոյին գահընկեց անելու փորձին մասնակցելու մեջ: 
Հայ օդաչուների կալանավորման մասին լուրի հաստատումից անմիջապես հետո անցանք գործի. Նախագահ Քոչարյանի կարգադրությամբ որոշվեց տղաներին Հայաստան վերադարձնելու համար ոչ մի բանի առջև կանգ չառնել: Եգիպտոսում մեր դեսպան Սերգեյ Մանասարյանին հանձնարարեցի մեկնել Մալաբո՝ որպես այդ հարցով հատուկ հանձնարարություններով դեսպան: Գործի ողջ ընթացքում  Մանասարյանը բազմաթիվ անգամ այցելեց Մալաբո և  ներկա եղավ նաև հայ օդաչուների դատավարության ողջ գործընթացին: Հաշվի առնելով, որ իսպանական նախկին գաղութ Հասարակածային Գվինեայի պետական լեզուն իսպաներենն է, Մանասարյանին կցեցինք նաև Պետարարողակարգի  ծառայության աշխատակից  Գևորգ Պետրոսյանին՝ Գոգային,  որն իսպաներեն լավ էր խոսում:   
Հայ օդաչուների հարցի շուրջ ես աջակցություն հայցեցի Ռուսաստանի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարներից: Նաև դիմեցի մեր բոլոր դեսպաններին՝ այս հարցում օգտագոծելու իրենց բոլոր կապերը: 
Որոշ ժամանակ անց այս հարցում ներգրավվեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ իր անձնական միջոցներն ու կապերը ներդնելով հայ օդաչուներին Հայաստան վերադարձնելու գործում: Մենք մշտական կապի մեջ էինք և կոորդինացնում էինք մեր ջանքերը: Տղաների ձերբակալման պահից՝ 2004-ի մարտի 4-ից մինչև ազատումը՝ 2005-ի հունիսի  9-ը, անցավ  15 ամիս: Այդ ժամանակահատվածը չափազանց ծանր էր բոլորի, նախևառաջ՝ տղաների համար, որոնց մինչև քսան տարի ազատազրկում էր ապառնում աշխարհի ամենաահավոր բանտերից մեկում: Վիճակը անտանելի էր նաև նրանց ընտանիքների, հարազատների համար:  Ծանր էր նաև անձամբ ինձ համար:
Երկար ձգձգումներից հետո նշանակվեց հայ օդաչուների դատի օրը՝ 2004-ի հոկտեմբերի սկզբին: Բացի հայ օդաչուներից՝ դատարանի առջև էին կանգնելու նաև ութ հարավաֆրիկացիներ և 4 գվինեացիներ, բոլորը՝ նույն մեղադրանքով: Դատի օրը Մալաբոյում էին Սերգեյ Մանասարյանը և Գևորգ Պետրոսյանը: Նրանք պարբերաբար զեկուցում էին դատական գործընթացի, զարգացումների մասին և կանխատեսումներ անում, թե ինչ դատավճիռ կլինի:
2004-ի նոյեմբերի 26-ին աֆրիկյան Բուրկինա Ֆասո պետության Ռագադագու մայրաքաղաքում բացվեց Ֆրանկոֆոն երկրների կազմակերպության տասներրորդ գագաթաժողովը, որը նախագահում էր Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը:  Հավաքին մասնակցում էին ֆրանսախոս երկրների նախագահները և աֆրիկյան երկրների շատ առաջնորդներ: Հայաստանն այդ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունի , և ես հավաքին մասնակցում էի որպես Հայաստանի պատվիրակության ղեկավար: Ինձ ուղեկցում էր Ֆրանսիայում մեր դեսպան, ներկայում արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այստեղ էր նաև Հասարակածային Գվինեայի նախագահը:
Մալաբոյում այդ պահին ընթանում էր հայ օդաչուների դատավարությունը, և ես մշտական կապի մեջ էի Սերգեյ Մանաարյանի հետ, պարբերաբար տեղեկանում էի զարգացումների մասին: Գագաթաժողովի երկրորդ օրվա կեսին, երբ հանդիպումները մոտենում էին ավարտին, և մենք ներկա էինք  ամփոփիչ նստաշրջանին, զանգահարեց Մանասարյանը և հայտնեց ամենաահավոր լուրը, որ կարելի էր ակնկալել՝ հայ օդաչուները մեղավոր են ճանաչվել, անձնակազմի հրամանատարը դատապարտվել է քսան, իսկ մյուս օդաչուները տասնվեց տարվա ազատազրկման: Դա ինձ համար մզձավանջային պահ էր: Պատմության հեգնանք էր, որ նույն դահլիճում՝ ինձանից մի քանի քայլ այն կողմ, այն մարդն էր, որը հավանաբար մինչև Ուագադագու ժամանելը հստակ հրահանգ էր տվել հենց այդ դատավճռի առնչությամբ:
Երբ վերադարձա  Երևան, մեր արտգործնախարարությունն  անմիջապես պաշտոնապես դիմեց Հասարակածային Գվինեայի արտգործնախարարությանը՝ խմդրանքով, որ հնարավորինս արագ կազմակերպվի իմ այցելությունը այդ երկիր: Կարճ ժամանակ անց, հուրախություն բոլորիս, Հասարակածային Գվինեայի արտգործնախարարությունից դրական պատասխան ստացանք: Դա ինձ համար հուսադրող նշան էր, որ այդ երկրի իշխանություններն առնվազն պատրաստ են քննարկել այդ հարցը: Թեև մեր հղած նոտայում օդաչուների հարցը նշված չէր, և պարզապես խոսվում էր երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին, միանգամայն պարզ էր, որ նման հարաբերություններ չկան, այցի իրական նպատակը հայ օդաչուներին Հայասատն վերադարձնելն է:
Աֆրիկյան արարողակարգը լավ իմացող և Հասարակածային Գվինեայի նախագահին ճանաչող մարդիկ հուշեցին, որ ես մեր երկրի նախագահի անունից խնձ հետ անպայման թանկարժեք նվեր տանեմ: Հաշվի առնելով Գվինեայի նախագահի կաթոլիկ լինելը՝ մենք որոշեցինք թանակրժեք սրբապատկեր նվիրել նրան: Այդպիսի ընծա գտնելը դժվար գործ էր: Երկար փնտրտուքից հետո գտանք թանկարժեք, բավական մեծ ոսկեզօծ մի սրբապատկեր: Եթե Գվինեայի նախագահը նման ճոխ նվեր ընդուներ, դա կնշանակեր նրա կողմից որոշակի պարատավորության ստանձնում և կհուշեր, որ նա պատրաստ է ավելի բարյացակամ վերաբերմունք ցուցաբերել հայ օդաչուների հանդեպ:
2005-ի փետրվարի 20-ին՝ կիրակի օրով, ես Երևանից ուղեվորվեցի Մադրիդ, այնտեղից՝ Մալաբո: Ինձ ուղեկցում էին Սերգեյ Մանասարյանը, Գևորգ Պետրոսյանը և արտգործնախարարության Ասիայի և Աֆրիկայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը:
Առավոտյան նախատեսված էր հանդիպում երկրի վարչապետի հետ, որի նստավայրը ոչ թե մայրաքաղաքում էր, այլ 40-րոպեանոց թռիչքի հեռավորության վրա գտնվող երկրորդ մեծ քաղաքում՝ Բատայում:
Սակայն այս թռիչքն իսկական մղձավանջ էր: Մեզանից բացի՝ այդ փոքր ինքնաթիռում  ևս կար քսան-քսանհինգ հոգի : Մեր պատվիրակությունը, որին ուղեկցում էր Գվինեայի փոխգործնախարարը , տեղավորվել էր ինքնաթիռի հետևի մասում,  որ կարծես թե ինքնաթիռի  «Բիզնես կլաս» տեղերն էին:  
Նստարանները դեմ-դիամց էին , իսկ դրնց մեջտեղում սեղաններ կային: Ես և գվինեացի փոխնախարարը նստել էինք աջից, միջանցքի մյուս կողմում տեղավորվել էին հայկական պատվիրակության մյուս անդամները: Մենք կապեցինք ամրագոտիները,և ինքնաթիռը բարձրացավ երկինք: Թռիչքից հազիվ տասը րոպե էր անցել, երբ ինքնաթիռը հայտնվեց այնպիսի ահավոր մի օդափոսում, որ առանց չափազանցության կարող եմ ասել` գրեթե մեկ րոպե օդանավը ազատ անկման մեջ էր: Բոլորս վստահ էինք , որ ընկնում ենք ծովը. դա անխուսափելի էր թվում: Անկմանը հակազդման ուժը այնքան հզոր էր, որ Գոգայի ամրագոտիները պոկվեցին, և այդ ուժը նրան բարձրացրեց ու մխրճեց ինքնաթիռի առաստաղին: Նա գլխով հուժկու հարվածեց այն հատվածին, որտեղ ուղեբեռ էր դրված, և ուղակի մեխվեց այնտեղ: Անկման ողջ ընթացքում նա մնաց այդպես կախված:
Վարչապետի հետ հանդիպումը բավական լավ անցավ: Սակայն ինձ համար պարզ դարձավ, որ նա ոչ մի ազդեցություն չունի և չէր կարող մեզ որևէ բան խոստանալ: Նա մեզ լսեց և մի քանի անբովանակալից նախադասություն արտասանեց երկրի դատական համակարգի , ինչպես նաև երկրի զարգացման հարցում նախագահի կարևոր դերի մասին: Պարզ էր, որ այդ հանդիպումը մեզ ոչինչ չտվեց, և ընդամենը մեկ ժամ անց նույնատիպ, բայց այլ օդանավով վերադարձանք Մալաբո:
Օրվա երկրորդ կեսին նախատեսված էր հանդիպում Գվինեայի արտաքին դործերի նախարար Պաստոր Միշա Օնդո Բիլեի հետ: Հանիպումը հուսադրող էր: Ես հասկացա,  որ հենց նրան էր հանձնարարվել ինձ փոխանցել դրական ուղերձը հայ օդաչուների ճակատագրի վերաբերյալ: Նա ինձ դիվանագիտական լեզվով հասկացրեց, որ նրանք լավ են հասկանում հայ օդաչուների վիճակը, որ նրանք այդ ամենի մեջ դերակատարություն չեն ունեցել, և ասաց, որ այս պահին նրանք շատ լուրջ բանակցությունների մեջ են բրիտանական իշխանությունների հետ` մի քանի անձանց, որոնք կասկածվում և մեղադրվում են հեղաշրջումը կազմակերպելու մեջ,  Հասարակածային Գվինեա արտահանձնելու համար: Նա նաև ասաց, որ այդ պահին նրանց կողմից ցանկացած քայլ, որը կհակասի  դատական որոշմանը, կարող է բացասական ազդեցություն ունենալ այդ բանակցությունների վրա: Այս ամենն ինձ համար բավական հուսադրող էր: Բոլորիս տրամադրությունն անմիջապես փոխվեց, առավել ևս, նախարարը երկրի նախագահի կողմից հատուկ շնորհակալություն հայտնեց նախագահ Քոչարյանի կողմից ուղարկված նվերի համար: Բոլորիս ուսերից մի մեծ բեռ ընկավ. մենք համարում էինք, որ այդ նվերի ընդունումը կլինի գլխավոր երաշխիքը , որ Հասարակածային Գվինեայի նախագահը ներում կշնորհի հայ օդաչուներին:
Դրական տրամադրությամբ լքեցինք արտաքին գործերի նախարարության շենքը և մեկնեցինք հայ օդաչուների հետ հանդիպման:
Դատախազի հետ հանդիպումս ավարտելով` միացա տղաներին: Զրուցեցինք տարբեր բաների մասին: Ես զերծ էի մնում նրանց որևէ խոստում տալուց: Չէի կարող նրանց անտեղի ու վաղաժամ հույսեր ներշնչել , քանի որ այդ երկիրը շատ անկանխատեսելի էր: Մյուս կողմից`մենք պետք է նրանց հույս ու հավատ ներշնչեինք: Մենք նորից ու նորից կրկում էինք, որ նրանց միայնակ չենք թողնի, որ Հայաստանի Հանրապետությունը նրանց մեջքին է, և արվելու է ամեն բան՝ նրանց հայրենիք բերելու համար: Այդ հանդիպումից  հետո վերադարձանք մեր կեցավայրը, հավաքեցինք իրերը և ուղեվորվեցինք օդանավակայան ու նորից Մադրիդով ժամանեցինք Երևան: 
Հակառակ, որ մենք Երևան հասանք լավ տրամարությամբ, օրերն անցնում էին, իսկ տղաները դեռ անազատության մեջ էին: Դա բոլորիս համար ծանր ու տհաճ զգացում էր: Մենք շարունկում էինք աշխատել բոլոր ուղղություններով: Արա Աբրահամյանը Մոսկվայից շարունակում էր իր մասով աշխատանք տանել, և ոչ մի րոպե հույսը չէինք կորցնում:
Մի գեղեցիկ օր մեզ վերջապես լուր հասավ, որ Հասարակածային Գվինեայի նախագահը որոշում է ընդունել հայ օդաչուներին ներում շնորհելու մասին: Դա ուրախության ու ցնծության օր էր: Դրանից հետո ամեն օր, ամեն ժամ իրաարձությունները զարգացան այնպես, որ 2005-ի հունիսի 5-ին հայ օդաչուները վերջապես ազատ արձակվեցին:  

                                                                                                                                                                                                                                                                  

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: